19.03.2024|
07:34
Արևոտ, անուշ օր էր, իջել էի Մերգելյան՝ իմ մանկության թաղերը։ Մերգելյանի այգին լրիվ քարուքանդ են արել։ Խոսում են, որ ուզում են առաջվա այգին վերականգնել։ Ես էդ այգում եմ մեծացել։ Ինչքա՜ն ենք խաղացել այգու խոտերի ու ծառերի մեջ։ Հետո այգին բետոնապատեցին, ծառերը՝ գազանանոցի գազանների նման, վանդակների ու երկաթյա շրջանակների մեջ առան, շուրջները սեղան-աթոռ շարեցին ու սրճարան սարքեցին, կարուսել-մարուսել դրեցին՝ էլի վանդակների մեջ, ինչ-որ խցիկներ, վագոններ ցցեցին այգու մեջտեղում: Ու սկսեցին ամեն սանտիմետրից փող քամել՝ հետսովետական ազատ քրեական հարաբերությունների օրենքներով։ Երբ այգով անցնում էի, ինձ թվում էր, թե այգին բանտարկել են՝ բետոնախեղդ, վանդակներով, շղթաներով ու կողպեքներով կապկպած: